2017-08-12 08:16:00

Տօն Շողակաթի` Սբ. Էջմիածնի, ըստ Սբ. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի։


Շողակաթի տօնը Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստուածածնի վերափոխման տօնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և յիշատակն է Էջմիածնի Լուսաւորչաշէն Տաճարի նաւակատիքի: Այս տօնը Սուրբ Կոյսի տօնի նախորդ օրն է նշւում, քանի որ սկզբնապէս Մայր տաճարը նուիրուած է եղել Աստուածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարուել է Սբ. Աստուածածնի վերափոխման տօնի նախօրեակին: Իսկ տօնի «Շողակաթ» մակդիրը (Լոյսի շողի կաթելը) կապուած է Սբ. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի հետ, ինչպէս Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի:

Համաձայն Սբ. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի՝ «լոյսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում» և այս համատարած լոյսում «Սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը և նահատակուած կոյսերին նուիրուած կառուցուելիք երեք վկայարանները. մէկը՝ Սբ. Հռիփսիմեանց նահատակութեան վայրում, միւսը՝ Սբ. Գայանյանց, միւսն էլ՝ հնձանում, ուր նահատակուել էր հիւանդ կոյսը: Ապա հայրապետը մեծ պատուով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր և դրուած են մինչև օրս, և որոնցով բազմաթիւ հրաշքներ և բժշկութիւններ են կատարուել պատմութեան ընթացքում:

Շողակաթ անունը տրուեց Լուսաւորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ. Գրիգորն առաջին անգամ տեսաւ լոյսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրուած լուսեղէն շէնքը: Եւ քանի որ Սբ. Հռիփսիմեանց կոյսերից հնձանում նահատակուած հիւանդ կոյսի՝ Սրբուհի Մարիանէի գերեզմանը գտնւում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրուեց նրան և հայերիս մէջ սկսուեց օգտագործուել որպէս իգական անուն:

Սբ. Շողակաթ վանքը կառուցուել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:

Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նուիրական ուխտատեղիներ են Սբ. Գայանէ, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ. էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` հայոց հաւատի օրրանն  է:








All the contents on this site are copyrighted ©.